Ազգային ժողովի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական աձեռնմխելիությունից զրկելու հարցը, հավաքվել են քաղաքացիներ, ինչպես նաև ոստկանական ուժեր։ Արդեն կան բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Panorama.am-ը։
Ոստիկանները պարբերաբար հայտարարում են, որ երկրում արտակարգ դրություն է, որի պայմաններում հավաքներն արգելված են, պետք է հեռանան հավաքի վայրից, ոստիկանների օրինական պահանջը չկատարելու դեպքում քաղաքացիները պատասխանատվության կենթարկվեն։
Տարածքում կան նաև ջրցան մեքենաներ։
Բերման է ենթարկված 70-ից ավել մարդ։
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդմանը համաձայնություն տալու մասին հարցը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։
Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։