24 հունվարի 2009 - 14:32 AMT
Թուրքիայի խորհրդարանականները վերջնականապես որոշել են բարեկամություն չանել Իսրայելի հետ
Թուրքիայի խորհրդարանում պաշտոնապես իր գործունեությունն է դադարեցրել Թուրքիա-Իսրայել բարեկամության խումբը: Ինչպես հաղորդել է World Bulletin-ը, այս որոշումն ընդունվել է ուրբաթ օրը խորհրդարանի նիստում Գազայի սեկտորում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, որի ժամանակ, որոշ տվյալներով զոհվել են 1300 պաղեստինցիներ, այդ թվում նաեւ երեխաներ:

Խմբի գործունեության դադարեցման մասին արձանագրությունը ստորագրել է Թուրքիա-Իսրայել արդեն նախկին բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Օրհան Իշիկը:

Հենց սկզբից Թուրքիան դեմ էր «Ձուլածո արճիճ» գործողությանը` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանութւյան մեջ: Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունվարի 16-ին նույնիսկ պահանջեց հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից: Չեղյալ հայտարարվեցին իսրայելցի բոլոր պետական գործիչների այցերը Թուրքիա եւ երկրում բարձրացավ հակասեմիթական ալիք, որը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ հայտնի հրեական կազմակերպությունները դիմեցին Անկարային` կոչ անելով դադարեցնել ատելությունն ու հրեաների հալածանքները: