17 հունիսի 2020 - 16:42 AMT
Երևանի ամեն վարչական շրջանում մի քանի մանկապարտեզ կգործի

Երևանի քաղաքապետարանն ու պարետատունը համաձայնության են եկել վարչական շրջաններում մի քանի մանկապարտեզի գործունեությունը շարունակելու հարցում, հայտնել է վաչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է «Հետքը»։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը մեկ-երկու օրվա ընթացքում պետք է ներկայացնի այն ձևաչափը, որով որոշ համայնքներում շարունակելու է գործել համայնքային մի քանի մանկապարտեզ։

«Մեկ-երկու այն մանկապարտեզները, որտեղ հաճախելիությունը մի փոքր ավելի շատ է, հնարավոր է, որոշվի, որ իրենք կշարունակեն գործել»,- ասել է Գևորգյանը։

Հունիսի 16-ին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ քաղաքապետարանը պարետատանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը՝ թույլատրելով յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզի գործունեություն։ Նա նշել էր, որ մանկապարտեզներում հաճախելիությունը չափազանց ցածր է՝ 6-7%։

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։ Առողջացածների ընդհանուր թիվը 6814 է։