18 հունիսի 2020 - 11:10 AMT
Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռակա հանդիպում է նախատեսված հունիսին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հեռակա հանդիպում կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունիսի վերջին։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄԽ համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մայիսին նրանք համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը մինչև հունիսի ավարտը կլինի», - ասել է Զախարովան։

Նա հավելել է՝ կա փոխըմբռնում, որ երբ սահմանները բացվեն ու կվերսկսվի միջազգային ավիահաղորդակցությունը, հանդիպումներն այլևս հեռակա չեն լինի:

Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մամեդյարովի, իսկ մայիսի 19-ին՝ Մնացականյանի հետ։

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Մնացականյանի և Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որի ժամանակ կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: