18 հունիսի 2020 - 17:05 AMT
Քոբի Բրայանթի հայ օդաչուն կարծում էր` ուղղաթիռը բարձրանում է, մինչդեռ այն իջնում էր

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին և ևս 7 ուղևորի տեղափոխող և թանձր մառախուղի պատճառով կործանված ուղղաթիռի ամերիկահայ օդաչուն կարգավարներին հաղորդել է, որ բարձրանում է, մինչդեռ ուղղաթիռն իջնում էր։ Այդ մասին ասվում է քննչական փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։

Ամերիկահայ Արա Զոբայանը կապ է հաստատել ավիակարգավարների հետ և ասել, թե բարձրանում է 4000 ֆուտով, մինչդեռ ուղղաթիռը փաստացի անկում էր և կործանվեց՝ բախվելով սարին։ ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի զեկույցում ասվում է, որ Զոբայանը, հավանաբար, «սխալ է հասկացել» ուղղաթիռի բարձրությունը, ինչը պատահում է, երբ օդաչուն ապակողմնորոշված է վատ տեսանելիության պայմաններում։

Աղետից հետո փորձագետներն ասում էին, որ թռիչքի հետագիծը վկայում էր` Զոբայանը կորցրել է կողմնորոշումը։

1700-էջանոց զեկույցը եզրակացություն չի ներկայացնում, թե ինչն է եղել վթարի պատճառը՝ այն ավելի ուշ կհրապարակվի։

Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Խումբն ուղևորվելիս է եղել Mamba Sports Academy-ի մանկապատանեկան բասկետբոլի խաղին: 50-ամյա Զոբայանը հայտնի է եղել որպես փորձառու օդաչու և թռիչքների հրահանգիչ: