19 հունիսի 2020 - 11:56 AMT
Փաշինյանն ԱլԳ գագաթնաժողովի տեսակոնֆերանսում հիշեցրել է Բաքվի ռասիստական քաղաքականության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը, հիշեցրել է Բաքվի ռասիստական քաղաքականության մասին։

Ալիևը հերթական անգամ խոսել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի և այն մասին, որ համաշխարհային հանրությունը սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂ հակամարտության հարցում»։

Մասնավորապես, Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և, ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ թե Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:,/i>