26 հուլիսի 2002 - 20:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԳՐԱՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
2002 թվականին մարդկային զարգացման ցուցանիշներով Հայաստանը առաջատար դիրքեր է գրավում Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների թվում: Այդ մասին վկայում են մարդկային զարգացման ինդեքսի` ՄԱԿ-ի մարդու զարգացման ծրագրի աջակցությամբ անկախ փորձագետների կողմից անցկացված ամենամյա հետազոտությունների արդյունքները: Համաձայն դրանց, Հայաստանը, ըստ մարդկային զարգացման ինդեքսի, զբաղեցրել է 76-րդ տեղը 173 երկրների շրջանում: Տարածաշրջանի պետությունները` Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Իրանը զբաղեցրել են համապատասխանաբար 88, 85, 81 եւ 98-րդ տողերը:ԱՊՀ երկրների շրջանում մարդկային զարգացման ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Բելառուսին, որը վարկանիշում զբաղեցրել է 56-րդ տեղը: Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են համապատասխանաբար 60-րդ եւ 80-րդ տողերում: Բելառուսի առաջատար դիրքերն ԱՊՀ-ում մեծամասամաբ պայմանավորված են բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՆՀԱ-ի բարձր ցուցանիշով, քան կրթության եւ երկարակեցության մակարդակներում առկա տարբերություններով: Այսպես, Բելառուսում կրթության ինդեքսը նույն է, ինչպես եւ Հայաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Թուրքմենստանում: Երկարակեցության ինդեքսով Բելառուսը զիջում է Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, առաջ անցնելով Ուկրաինայից եւ Ռուսաստանից:
Մարդկային զարգացման ամենաբարձր ինդեքսը պատկանում է Նորվեգիային: Երկրրորդ տեղն է զբաղեցնում Շվեդիան: Այնուհետեւ հաջորդում են Կանադան, Բելգիան եւ Ավստրալիան: Համեմատության կարգով, ԱՄՆ-ն զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ Ֆրանսիան` 12-րդ: Նշենք, որ 2001 թվականին Հայաստանը մարդկային զարգացման ցուցանիշով զբաղեցնում էր 93-րդ տեղը աշխարհի 174 երկրների թվում: