Չինաստանից 3 մեծ թթվածին արտադրող կայան է բերվել Հայաստան, որոնք մեծացնելու են բժշկական 3 կենտրոնի կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ երեք բուժհաստատությունն են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը:
Մատակարարման փուլում են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:
Նշվում է նաև, որ Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Նորքի» ինֆեկցիոն ԲԿ-ների համար:
Բոլոր գնումներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։
Բացի այդ, Չինաստանից ստացվել է 500 թթվածնային խտացուցիչ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը սկսվել է հենց օդանավակայանից։
«Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարք, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը:Սարքերը ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,-ասվում է գրառման մեջ։
Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,268-։ Կորոնավիրուսից մահվան 350 դեպք կա, այլ պատճառով՝ 114։ Ապաքինվել է 9002 մարդ։ Փաստացի բուժվողների թիվը 10,802 է։
Ընդհանուր առմամբ, արվել է 95,754 թեստ։