Հունիսի 21-ին Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։
Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի մոտ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան, տեղեկացնում է ԱՆ-ն։
Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Չվերթով Հայաստան են տեղափոխվել ԱՆ-ին նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաներ։
Նվիրատվությունն արել է «Վիվա» բարեգործական հիմնադրամը և կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Գեորգի Մելքոնյանը։
Կորոնավիրուսի դեմ պայքարին հայ մասնագետներին աջակցելու նպատակով բժիշկներ են ժամանել նաև Ֆրանսիայից և Լիտվայից։ Վրաստանը պատրաստավում է բժիշկների խումբ գործուղել Հայաստան։