Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսահայ բժիշկ, տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր:
Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկն իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն օտարերկրացի մասնագետների ներգրավման նախաձեռնությունը կյանքի է կոչել USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Հունիսի 21-ին Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Կորոնավիրուսի դեմ պայքարին հայ մասնագետներին աջակցելու նպատակով բժիշկներ են ժամանել նաև Լիտվայից։ Վրաստանը պատրաստավում է բժիշկների խումբ գործուղել Հայաստան։