22 հունիսի 2020 - 18:37 AMT
Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին․ Անցումային փուլ պետք չէ, որ էլ ավելի չլարվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հավանության է տալիս այն տեսակետին, թե Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխություններում այս պահին անցումային փուլ պետք չէ, որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա։ Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու գործի չի դրվում «անցումային փուլ» ասվածը։

Մակունցն ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերելիս չափազանց կարևոր է հստակ մեջբերում անելը, գրում է Shantnews.am-ը։

«Վենետիկի հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, դրական գնահատելով և դրական համարելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ և այն տարբերակով, որն առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ:

Ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել նախագծում: Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել: Առաջին, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է և այն պարտադիր բնույթ չի կրում, այդ մասին նշված է նաև հենց այն եզրակացության մեջ, որը հրապարակվել է: Երկրորդ՝ նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, իրենք պետք է որոշումներ կայացնեն նաև անցումային փուլի տևողություն առումով: Որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա, չգեներացվի, չէսկալացվի լարվածությունը»,- ասել է Լիլիթ Մակունցը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու «Իմ քայլը» չսպասեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական հրապարակմանը մինչև ՍԴ-ին վերաբերող նախագիծը շրջանառելը, Մակունցն ասել է՝ քանի որ կոնցեպտուալ առումով որևէ խնդիր չի առաջացել հանձնաժողովի հետ քննարկումներում և իրենք ունեցել են նախնական տեղեկատվություն, որ մինչ այդ օրը հրապարակվելու է, որոշել են շրջանառել նախագիծը։

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

«Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։