23 հունիսի 2020 - 17:40 AMT
Փաշինյան․ Ապրիլին 71,000 աշխատատեղ է փակվել, մայիսին՝ 50,000-ը վերականգնվել

Ապրիլին կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պատճառով 71,471 աշխատատեղ է փակվել, որից մայիսին վերականգնվել է 50,094-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերականգնման այդ գործընթացը շարունակվում է:

Նա նշել է, որ ամեն գնով հարկավոր է խուսափել լոքդաունի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտությունից՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Լոքդաունի ժամանակ առողջապահական առումով թվերի որոշակի նվազում լինում է, սակայն տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս առաջանալ, որ տասնամյակով չվերականգնվենք»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ հակառակ դեպքում գուցե արդեն 150,000 աշխատատեղ կորցնենք, ինչը շատ ծանր հետևանքներ կունենա։

Նա ասել է նաև, որ ըստ ՊԵԿ տվյալների՝ առևտրաշրջանառությունը ևս վերականգնվում է։

Վարչապետը հույս է հայտնել, որ հունիսին կվերականգնվի փակված աշխատատեղերի մյուս մասը, հետագայում կքննարկվեն տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ քայլերը։

Հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին: