24 հունիսի 2020 - 17:55 AMT
ՍԴ դատավորներն իշխանությանը հորդորում են առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ

Սահմանադրական դատարանի անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հորդորելով իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ։

Հայտարարությունը ստորագրել է 7 դատավոր։

«Սահմանադրական դատարանի դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։

Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Այն ստորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանն ու Արևիկ Պետրոսյանը։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:

Ընթերցեք նաև․ Սահմանադրական փոփոխությունների հարցով ԼՀԿ-ն կդիմի ՍԴ, բայց հետո