25 հունիսի 2020 - 10:15 AMT
Առողջապահական համակարգն ԱԴ ժամանակ կկառավարի ԱՆ-ն

Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում նման կառավարում ունենալու համար։

Ըստ դրա՝ կառավարությանը կտրվի լիազորորություն ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

Փոփոխության համաձայն՝ նախարարությունը կկարողանա, ըստ անհրաժեշտության, իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը:

Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է առողջապահության նախարարությանը:

Օրենսդրական փաթեթը առաջիկայում նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով։