26 հունվարի 2009 - 18:32 AMT
Ադրբեջանի բնակիչները բարոյական են համարում իրենց իշխանությունների արտաքին քաղաքական գործունեությունը
Մերիլենդի համալսարանին կից գործող Program on International Policy Attitudes կազմակերպությունը հրապարակել է արտաքին քաղաքականության բարոյականության մասին իր հարցման արդյունքները: Հարցումը անց է կացվել աշխարհի 24 երկրներում, այդ թվում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում:
Ադրբեջանը այն երկրների եռյակում է, որտեղ բնակիչները իրենց երկրի քաղաքականությունը բարոյական են համարում` հարցվածների 39 տոկոսը գնահատել է այն միջինից բարձր, 42 տոկոսը` միջին եւ միայն 12 տոկոսը` միջինից ցածր: Հարցման առաջին տեղում է Հորդանանը` 44 տոկոս, երկրորդ տեղում է Հնդկաստանը` 40 տոկոս: Թուրքիայում իրենց երկրի քաղաքականությունը բարոյական են համարում բնակչության 28 տոկոսը, իսկ Ռուսաստանում` 27 տոկոսը: Ղեկավարությունը ամենանվազ հավանությունն է ստացել Արգենտինայում` 4 տոկոս եւ Ուկրաինայում` 8 տոկոս:
Ընդ որում Ադրբեջանի բնակիչները չափազանց բացասաբար են վերաբերվում ՌԴ արտաքին քաղաքականությանը, միայն 4 տոկոսն է այն բարոյական համարում, իսկ 45 տոկոսը` անբարոյական: Բացասական է Ադրբեջանի բնակիչների վերաբերմունքը նաեւ ԱՄՆ-ի գործողություններին (12 տոկոս, դեմ` 32) եւ Ֆրանսիայի (16 տոկոս, դեմ` 30): Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն Ադրբեջանում շատ ավելի բարոյական է համարվում` այն դրական են գնահատում 29 տոկոսը եւ բացասաբար` 19 տոկոսը: Հայաստանում նման հարցում չի անցկացվել: