Ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին խոսակցություններին անդրադառնալով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ։
«Էդ ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Ժողովրդավարությունն ամենաթողություն չի»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում կուսակցությունները, ԶԼՄ-ները և ՀԿ-ները պետք է 100 տոկոսով թափանցիկ լինեն։
«Չհասկացա՝ ինչո՞ւ պիտի կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ լինի, իսկ մյուսները՝ ոչ, էդ որտեղ ա՞ գրված»,- ասել է նա` անդրադառնալով ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանի՝ կառավարության թափանցիկության մասին հայտարարությանը:
Քաղաքական հետպանդումների մասին հայտարարությունների մասով Փաշինյանն ասել է․ «Էդ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ: Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ: Բա ասեին` չէ, չենք կալանավորում: Վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գա»,- ասել է նա:
Վարչապետը հավելել է, որ իշխանությունները հրաժարվում են ապօրինի ազդեցություններից դատական համակարգի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ հին ազդեցության համակարգը պիտի շարունակի գործել:
Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Օրակագրում մեկ հարց էր՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Այն, մասնավորապես ենթադրում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցում։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:
ԲՀԿ-ն ստորագրահավաք էր նախաձեռնել պատգամավորների շրջանում ՍԴ դիմելու համար, սակայն ԼՀԿ-ն չմիացավ նախաձեռնությանը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցով կդիմի Սահմանադրական դատարան, բայց ավելի ուշ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո։