25 հունիսի 2020 - 15:53 AMT
Քոչարյանի թիմը հետ է կանչել դիմումը, որը խանգարում է Մարուքյանին ՍԴ դիմել

ԱԺ ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել ՍԴ մուտքագրված դիմումը։

«Այդ փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական երկու խմբակցություններն ասել են, որ «դրանք ամբողջությամբ ապօրինի են», սակայն խմբակցություններից մեկը պարոն Քոչարյանի գործը հայտարարեց որպես պառլամենտարիզմը պաշտպանելու նախապայման», - ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, փոխանցում է Civilnet-ը:

ԲՀԿ-ն պատրաստվում էր ՍԴ դիմել ԱԺ-ում՝ միայն «Իմ քայլի» ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձայներով ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցով։ ԼՀԿ-ն նախ հայտարարել էր, որ չի կարող միանալ ստորագրահավաքին, քանի որ այդպիսի հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա՝ հունիսի 24-ին, ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ կդիմի ՍԴ, բայց ավելի ուշ՝ Քոչարյանին առնչվող գործով ՍԴ նիստից հետո։ Գործը պիտի քննվեր ՍԴ-ում հուլիսի 7-ին։

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը, իր հերթին, քննադատել է ԼՀԿ դիրքորոշումը։

«Պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտավորությունը․․․ խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա (ոտնահարման – խմբ․) դեմ չեն կատարում», - ասել է նա, ԼՀԿ դիրքորոշումը համեմատելով թալանի ականատես լինելու, բայց ոստիկանություն չդիմելու հետ։

Նա հայտարարել է, որ դիմումը հետ է վերցվում «հանուն իրավական պետության»՝ ակնարկելով, որ այսպիսով ԼՀԿ անգործության պատճառը վերացվում է։

Ավելի վաղ հունիսի 25-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք պիտի ուժի մեջ մտնեն հունիսի 25-ից լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։