25 հունիսի 2020 - 16:50 AMT
Կորոնավիրուսով հիվանդը շարունակել է տաքսի վարել. Քրգործ է հարուցվել

Հունիսի 24-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի ծննդատան մոտ կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել:

Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ հունիսի 24-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ և պահանջում, որ ծառայություն չմատուցի, քանի որ երկկողմանի թոքաբորբ ունի, և կորոնավիրուսի թեստը դրական է եղել, ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Ա. Ն.-ն հունիսի 24-ին Աբովյանի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, բայց շարունակել է տաքսի վարել:

Նույն օրը Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն հանձնել է Covid-19-ի թեստ և դրական պատասխանն ամսի 23-ին փաստացի հաստատվել է: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների մասին, նրան տեղեկացրել են ինքնամեկուսացման մասին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ կան՝ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 277.1-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է տուգանքով կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետո):

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ամբողջ տարածքում 2020թ. մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարաձգվել մինչև հուլիսի 13-ը: