26 հունիսի 2020 - 12:06 AMT
Վահե Գրիգորյան․ Փոփոխությունները ՍԴ ճգնաժամի լուծում եմ համարում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ դա համարում է Սահմանդրական դատարանի ճգնաժամի լուծում և միանշանակորեն ողջունում է ԱԺ այս քայլը։

Գրիգորյանը հավելել է նաև՝ քանի որ Ազգային ժողովը լուծման այս տարբերակն է ընտրել, դա արվել է գիտակցելով, որ նախկին կազմից մի քանի անդամ շարունակելու են պաշտոնավարել ՍԴ կազմում, սակայն լուծման այս տարբերակը հրաշալի է լեգիտիմության հարցը փակելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«ՀՀ-ում լեգիտիմությամբ օժտված առաջնային մարմինը՝ ԱԺ-ն, այլևս բոլորովին փակել է բոլոր էջերը ՍԴ լեգիտմիության խնդրի հետ կապված։ Եվ այժմ ՍԴ-ն պետք է փաստի, թե որքանով է դատարանը հավատարիմ ժողովրդավարությանը և որքանով է ունակ պաշտպանել այն անցումային սահմանադրականության այս շրջանում»,- ասել է նա։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։