26 հունիսի 2020 - 13:10 AMT
Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել։ Այդ մասին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են Ալվինա Գյուլումյանի վրա:

Հունիսի 26-ից ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց` բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է, իսկ Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ։

Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։

Փոփոխությունները չեն վերաբերում գործող Սահմանադրությամբ ընտրված դատավորներ Արման Դիլանյանին ու Վահե Գրիգորյանին:

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ կոչ անելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրեն։ ԼՀԿ խմբակցությունը պատասխանել էր, որ ՍԴ կդիմի Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:Քոչարյանի փաստաբանները հանեցին ՍԴ-ից իրենց դիմումը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործը չշահարկվի, սակայն ԼՀԿ-ն դա բավարար չհամարեց ստորագրահավաքին միանալու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և դրան միացած անկախ պատգամվոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ դիմում են ուղարկել Սահմանադրական դատարան։