Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, դիմելով գույքահարկի բարձրացման դեմ «Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է», ակցիայի մասնակից երևանցիներին, հրավիրել է նրանց Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։
«Սիրով կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։ Ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։ Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։
Հ.Գ. Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման օրենքին, հորդորել է բնիկ երևանցիներին բարձրաձայնել իրենց իրավունքները, հակառակ դեպքում վաղը ստիպված կլինեն զրկվել բնակարաններից և տներից։ Նրա հորդորին միացել են մի շարք քաղաքական, հասարակական և արվեստի գործիչներ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ Մարկ Գրիգորյանը և Արտյոմ Երկանյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երաժիշտներ Վահան Արծրունին և Վազգեն Ասատրայնը, շարքային երևանցիներ։
Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, որ մոտ 570,000 միավոր անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները։
Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։
Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: