30 հունիսի 2020 - 18:15 AMT
Հարցում․ Հեղափոխությունից հետո հայերն ավելի քիչ են հակված արտագաղթի

2018-ի հեղափոխությունից հետո արտագաղթի ձգտող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է։ Այդ են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) աշխատության տվյալները։

«Կովկասյան բարոմետրի» վերջին հետազոտության համար հայաստանյան տվյալները հավաքագրվել են 2020-ի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում։

Հեղափոխությունից կես տարի առաջ հրապարակված հետազոտության հարցման մասնակիցների 35 տոկոսը հայտարարել էր, որ մտածում է Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու մասին։ Մինչդեռ 2020-ի հունիսին հրապարակված զեկույցը վկայում է, որ հարցման մասնակիցների միայն 20 տոկոսը կցանկանար ընդմիշտ հեռանալ ՀՀ-ից։

Հարցման մասնակիցներին նաև հարցրել են ժամանակավոր արտագաղթին իրենց վերաբերմունքի մասին, որին հարցման մասնակիցների 52 տոկոսը դրական պատասխան է տվել։ Նախահեղափոխական զեկույցում այդ ցուցանիշը 59 տոկոս էր։