1 հուլիսի 2020 - 13:29 AMT
Ինքնամեկուսացածներից մի քանիսը փորձել են խանութ գնալ, մեկը՝ աշխատանքի

Կոտայքի մարզի 3 բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տնից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տվել։ Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։

Լոռու բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել։

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք, իսկ հունիսի 29-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում 5 դեպք, որոնց փաստով հարուցվել է վարչական վարույթ։

Խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված վարչաիրավական ու քրեաիրավական հետևանքներ։

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն` 100-200 հազար դրամի չափով։ Եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։