1 հուլիսի 2020 - 13:49 AMT
$3.7 մլն Ճապոնիայից ՀՀ-ին՝ բուժսարքավորումների համար

ՀՀ-ին Ճապոնիայի կառավարությունը մոտ $3.7 մլն (400 միլիոն ճապոնական իեն) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար, հայտնում են ֆինանսների նախարարությունից։

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար:

Այն ՀՀ-ին ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է։

Դեսպան Յամադանի խոսքով՝ ծրագիրը կարևոր և արդիական է՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակի ներկա իրավիճակը:

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»,- ասել է նա։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Կառավարությունը երախտապարտ է Ճապոնիային՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար:

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին օժանդակություն են ցույց տալիս աշխարհի մի շարք երկրներ։ Ավելի վաղ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չի հրաժարվի բարեկամների աջակցությունից։