1 հուլիսի 2020 - 18:43 AMT
«Փորձիր պատժամիջոցներ սահմանել»․ Չինաստանի պատասխանն ԱՄՆ-ին՝ Հոնկոնգում քաղաքականության մասով

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Չինաստանի դեմ՝ Հոնկոնգի ինքնիշխանությունը նվազեցնող օրինագծի ընդունման դեպքում։ Չինաստանը հունիսի 30-ին ընդունեց ազգային անվտանգության համակարգին վերաբերող օրինագիծ, իսկ Չինաստանի անվտանգության խորհրդի անդամ Չժաո Սյաոմինը հայտարարեց, որ իրենք ոչ միայն վճռական կլինեն պաշտպանելու իրենց, այլև պատասխան հարված կհասցնեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող են դիմել նման քայլերի՝ ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով․ «Եթե ԱՄՆ-ն չի մտահոգվում, որ իրենք ավելի շատ կտուժեն, քան նրանք, ում հանդեպ սահմանաված են պատժամիջոցներ, ուրեմն թող փորձի»։

Օրենքի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն հայտնի է, որ նոր կանոններով հոնկոնգցիները խիստ կպատժվեն 4 երևույթի համար․ սեպարատիզմի, իշխանությունների խարխլման, տերորիզմի, օտարերկրյա պետությունների հետ ազգային անվտանգությանը վնասող դավադիր համաձայնության գալու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուզար Յենս Ստոլենբերգը դատապարտել է Պեկինի գործողությունները և հայտարարել, որ այսկերպ Պեկինը կոտրում է Հոնկոնգի ինքնիշխանությունը:

Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզայի սահմանափակումներ կմտցնի Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության նախկին և ներկա այն անդամների համար, որոնք պատասխանատվություն և մասնակցություն ունեն Հոնկոնգի իշխանության խաթարման հարցում։

Նախկինում Չինաստանի իշխանությունները ևս փորձել են նմանատիպ օրենք անցկացնել, սակայն ձախողել են բազմաքանակ ցույցերի ճնշման տակ: Հայտնի է նաև՝ իշխանությունները պատրաստվում են նաև ոստիկանական նոր համակարգ ներդնել Հոնկոնգում, որն անմիջապես կենթարկվի Պեկինին:

Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ: Վերջինս ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում է պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող են ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ հունիսի սկզբին հայտարարել էր, որ եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Այս 20 տարվա ընթացքում հոնկոնգցի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Չինաստանի իշխանության՝ Հոնկոնգի ներքին գործերին խառնվելու, սոցիալիստական բարքեր ներդնելու փորձի, մարդու իրավունքների սահմանափակման դեմ և հօգուտ անկախացման: Իսկ Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Հոնկոնգի ժողովրդին մեղադրում են անջատողական տրամադրությունների և հասարակական կարգի խախտման համար։ Այս պահին Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են՝ ուղեկցվելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ։