28 հունվարի 2009 - 12:52 AMT
Բաքուն անհնար է համարում Կովկասյան պլատֆորմի իրականացումն առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման
Պաշտոնական Բաքուն անհնար է համարում Կովկասյան պլատֆորմի իրականացումն առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման: Այդ մասին Ստամբուլում Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմին նվիրված նիստում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Ադրբեջանը հավանություն է տալիս այս գաղափարին:

«Պլատֆորմի 5 մասնակից երկրների շահագրգռվածությունը տարածաշրջանում անվտանգության ստեղծման հարցում նշանակալի է այս նախաձեռնության իրականացման եւ զարգացման համար»,-գտնում է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, հաղորդում է ԱզերԹաջը:

Կովկասում կայնության եւ համագործակցության պլատֆորմն առաջարկվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կողմից Հարավային Օսեթիայում 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Ըստ թուրք վարչապետի, պլատֆորմին պետք է մասնակցեն Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: