2 հուլիսի 2020 - 15:53 AMT
Էրդողան. Խիստ հսկելու ենք սոցցանցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սոցցանցերն իշխանության խիստ հսկողության տակ կլինեն։ Նա այդպես է արձագանքել իր փեսա և գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի Twitter-ում արված գրառման մեկնաբանություններին։

Գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի ծնվելու մասին։

«Այդ ալիքները լի են ստերով, վիրավորանքներով, զրպարտություններով, և պետք է կանոնակարգվեն»,-ասել է Էրդողանն իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթանքում, գրում է Deutsche Welle-ն։

Նա հավելել է, որ մտադիր է որքան հնարավոր է արագ օրինագիծ ներկայացնել խորհրդարան և ֆինանսական ու իրավաբանական պատժամիջոցներ սահմանել։

«Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու բոլորս դեմ ենք YouTube-ին, Twitter-ին, Netflix-ին և նմանատիպ այլ սոցցանցերի։ Նման ստորությունները վերացնելու համար»,- ասել է նա։

Որոշ օգտատերեր մեկնաբանություններում կասկած էին հայտնել, թե արդյոք Ալբայրաքն է երեխայի հայրը։