3 հուլիսի 2020 - 13:06 AMT
Թոխատյան․ Գույքահարկի օրենքը հասարակական ճնշմամբ պետք է վերանայվի

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենքին, հայտարարել է՝ գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի։

Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ, որը ստորագրել են նաև Վահան Արծրունին, Հրանուշ Խառատյանը, Զարուհի Մուրադյանը, Լևոն Չուգասզյանը, Մարկ Գրիգորյանը:

Նշվում է, որ հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հրավերով հեռավար քննարկում է եղել քաղաքացիների 5 մարդուց բաղկացած խմբի և օրենքի փոփոխությունների հեղինակների, Ֆինանսների փոխնախարարի և Կադաստրի վարչության պետի միջև: Քաղաքացիների խումբը նախապես ուղարկել էր իր նկատառումները և որոշ առաջարկություններ: Քննարկմանը հրավիրված քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են օրենքի բովանդակային և հանրային քննարկումների բացակայության մասին խնդիրներ:

Նշվում է նաև, որ օրենքը ստեղծող, պաշտպանող և ընդունող կողմը տնտեսական և ֆինանսական հիմնավորումներով ներկայացրել է հատկապես օրենքի տեխնիկական բաղադրիչը:

«Մեր առաջ քաշած բոլոր հարցադրումները համարվեցին օրենքի ոգուն և նպատակներին չհամապատասխանող: Օրենքը հետ կանչելու, հանրային քննարկում ապահովելու և վերանայելու մեր առաջարկին պատասխանեցին, որ դա այլևս հնարավոր չէ, բայց մինչ օրենքն ուժի մեջ մտնելը այն կարող է լրացվել:

Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա մասնագիտական և հանրային լուրջ քննարկման առարկա և հասարակական ճնշման ազդեցության տակ վերանայվի, հաշվի առնելով բոլոր բաղադրիչները: Մեզ պետք է իսկապես մարդակենտրոն և մշակութակենտրոն օրենք, ոչ թե ֆինանսա-տնտեսագիտական ցիրկուլյար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, որ մոտ 570,000 անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները։

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: