3 հուլիսի 2020 - 16:13 AMT
Նախարար. Տատիկի դին այլ մարդիկ ճանաչել են որպես իրենց հարազատի

Կորոնավիրուսից մահացած գյումրեցի մեծահասակ կնոջ մարմնի կորելու պատճառը եղել է այլ մահացածի հարազատների կողմից դիակի սխալ ճանաչումը։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում, շփոթմունքն ուղղվել է, ամեն հարազատ ստացել է․․․ տեղի է ունենում ճանաչում, այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, հետո իրենք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- մանրամասնել է նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ահազանգել էր, որ հունիսի 29-ին Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել է գյումրեցի կին, ում մարմինը թոռներին չի հաջողվում գտնել։ Հետագայում պարզվել էր, որ մարմինը հայտնվել է ուրիշ մարդկանց մոտ և արդեն թաղված է։