3 հուլիսի 2020 - 16:41 AMT
ՇՄՆ․ Ակնա լիճը բնության հուշարձան է, որտեղ տնտեսական գործունեությունն արգելված է

Ակնա լիճը բնության հուշարձան է և այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց շրջակա միջավայրի նախարարույթան մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ արձագանքելով ֆեյսբուքյան գրառումներից մեկին, թե մի քաղաքացի հայտարարել է՝ լիճն իրենն է և այնտեղ իր ձկնաբուծարանն է։

Հուլիսի 3-ին «Հայկական բնապահպանական ճակատ» ֆեյսբուքան խմբում Անի Խաչատրյան անունով օգտատերն արձանագրել էր, որ լճի տարածք եկած տղամարդն ասել էր, թե այն իրենն է ու ձկնաբուծարան է այնտեղ սաքրել։

«Հայտարարության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը համապատասխան գրությամբ դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրա իսկությունը շուտափույթ ստուգելու համար, քանի որ Ակնա լիճը հանդիսանում է բնության հուշարձան և լճում տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ (ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը), սակայն նույն հոդվածի 2-րդ կետով բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։

Ակնա լիճը բնության ջրագրական հուշարձան է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի սահմանին՝ Ծաղկաշեն գյուղից մոտ 10 կմ հեռավորությամբ, Ակնասար լեռան լանջին, Գավառ համայնքի վարչական սահմաններում: