3 հուլիսի 2020 - 16:42 AMT
Նախագահը՝ գույքահարկի օրենքի մասին․ Եթե վետոյի իրավունք ունենայի՝ կդնեի

Նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն անդրադառնալով գույքահարկի մասին օրենքի փոփոխմանը, հայտարարել է, որ եթե վետոյի իրավունք ունենար՝ կդներ։

Խոսքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքի մասին է՝ գույքահարկի մասով:

«Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Այն դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը:

Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել: Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը»,- ասել է Սարգսյանը:

Նախագահան առաջարկել է հանդիպման մասնակիցներին իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը:

«Եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»,-ասել է նա:

Ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, որ մոտ 570,000 անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները։

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում:

Ընթերցեք նաև․ Թոխատյան․ Գույքահարկի օրենքը հասարակական ճնշմամբ պետք է վերանայվի