Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է փաստաբան Վաչե Դավթյանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը, ահազանգում է Փաստաբանների պալատը։ Ասում են՝ հեռախոսազանգի ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։
ԱԱԾ քննիչ Խալաթյանը խոսակցությունը ներառել է արձանագրության մեջ կցել է քրգործի նյութերին։ Այնուհետև քննիչը, դատական նիստի ժամանակ հղում անելով այդ արձանագրությանը, հիմնավորել է Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու անհրաժեշտությունը։
Նախաքննությունը շարունակելու համար քրգործը հանձնվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։
Փաստաբան Դավթյանը քննիչին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։ Վերջինս մերժել է փաստաբանական գաղտնիք պարունակող խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե այն գաղտնիք չի պարունակում։
ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան, հայտարարում է, որ «գաղտնալսումը, այն արձանագրության մեջ արտացոլելը, Արսեն Մկրտչյանի դեմ օգտագործելը, այն ոչնչացնելուց հրաժարվելը խախտում են փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները»:
Պալատը դատապարտում է ԱԱԾ և ՔԿ քննիչների փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները և հորդորում իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։
2020 թվականի հունվարին հայտնի էր դարձել, որ գաղտանալսվել են նաև փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդի խոսակցություններ։ Փաստաբանը քննիչից պահանջել էր ոչնչացնել նյութերը և ստացել մերժում։