Երևանում դիմակ չկրելու համար արձանագրություն կազմել ցանկացած ոստիկաններին 20-ամյա և 17-ամյա երկու երիտասարդ հարվածել են և հայհոյել։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նրանցից մեկը՝ 20-ամյա երիտասարդը, ձերբակալվել է, իսկ 17-ամյա անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողին հսկողության հանձնելը:
Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 5-ին Բագրատունյաց պողոտայում ոստիկանները դիմակ չկրելու համար ցանկացել են տուգանել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, նա մեքենայի սրահից վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ է հենչեցրել ոստիկանների հասցեին։
Նրանցից մեկը՝ Գյումրիի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածել է ոստիկանության լեյտենանտի դեմքին, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Դեպքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները:
Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևանից 17-ամյա բնակիչը, բռունցքով հարված է հասցրել ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է: