6 հուլիսի 2020 - 17:35 AMT
Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է դիմակ չկրելու շուրջ վեճում ոստիկանների հանդեպ բռնության կասկածանքով

Ստեփանավանում ձերբակալել են դիմակ չկրելու շուրջ ոստիկանների հետ վիճաբանելու և բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձին։ Հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ոստիկանները, Ստեփանավանի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս, նկատել են, որ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, խախտելով ՀՀ պարետի որոշումը, պաշտպանիչ դիմակ չի կրում, և կանգնեցրել են:

Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել և քաշքշելով պոկել է համազգեստի կոճակները՝ այդ կերպ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ գործադրելով ոչ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով (պատժվում է տուգանքով, կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարով): Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:

Քաղաքացու ինքնությունը պարզվել է` Ստեփանավանի բնակիչ է: Նա բերման է ենթարկվել, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի 6-ին Երևանում 20-ամյա և 17-ամյա երկու երիտասարդ հարվածել են և հայհոյել դիմակ չկրելու համար արձանագրություն կազմել ցանկացած ոստիկաններին։