6 հուլիսի 2020 - 18:41 AMT
Աջակցության ծրագրերին սխալ տվյալներ ներկայացրածները կարող են կրկին դիմել 20-րդ և 22-րդի համար

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ և 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած և սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ դիմելու: Այդ մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է, կամ եթե վճարային քարտը գործող չէ։

Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։

Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմում՝ լրացնելով բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։

Եթե անձը դիմել է 20-րդ կամ 22-րդ միջոցառումների համար և այս կամ այն պատճառով լրացրել է սխալ կամ թերի տեղեկություններ՝ օրինակ՝ այլ անձի քարտի տվյալներ, ապա նոր դիմում լրացնելու համար պետք է սպասի նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության:

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ են ստացել սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից։ 22-րդ ծրագով շահառուներին տրամադրվել է միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով: