6 հուլիսի 2020 - 19:19 AMT
Փաշինյան․ Սահմանափակումները կխստացվեն, եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել

Եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին, Կառավարությւոնն այլ ելք չի ունենա, քան սահմանափակումների վերադառնալ և ավելի խիստ լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը՝ իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք համաճարակը»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրությունն անընդհատ երկարացվել չի կարող, դա բերում է խնդիրների, սակայն այժմ ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ անգամ ևս երկարաձգվի։

«Արտակարգ դրությունն առնվազն կերկարացնենք, բայց արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում, արտակարգ իրավիճակների ռեժիմը որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։