Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին ճեպազրույցի ժամանակ խոսել է «Հայոց ցեղասպանությունից»՝ հակասելով ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այդպիսով` նա կարող է Թրամփին անհարմար դրության մեջ դնել Թուրքիայի կառավարության առջև։ Այս մասին գրում է ամերիկյան Business Insider-ը։
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ վանդալիզմի ենթարկված հուշարձաններից խոսելիս խոսնակը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը։
«Կարծես թե պատմական գիտելիքների պակաս և գիտակցում կա, երբ «Հայոց ցեղասպանության հուշարձանը» (Armenian genocide memorial), որը նվիրված է մարդկության դեմ բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին, այդ թվում՝ ստրկության, ենթարկվում է վանդալիզմի»,- նշել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Insider-ին ուղղորդել է Սպիտակ տուն, երբ հարցրել են՝ արդյոք Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Սպիտակ տունը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությանը դեռ չեն պատասխանել հարցմանը։
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է խուսափել հայերի հետ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածը որակել ցեղասպանություն՝ փորձելով չզայրացնել ՆԱՏՕ գործընկեր Թուրքիային, որը թույլ է տվել ԱՄՆ-ին թուրքական ավիաբազայում տեղակայել միջուկային զենք։
2019 թվականի վերջին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1․5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: