7 հուլիսի 2020 - 15:17 AMT
Տերմինալներից հափշտակվել է 18 մլն դրամից ավելի․ 3 հոգի է մեղադրվում

ՀՀ-ում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափի՝ 18 մլն դրամի հափշտակություն են կատարել Adjarabet, EasyPay և Tel-Cell տերմինալներից, 3 անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Քննչական կոմիտեից։

28-ամյա երիտասարդն իր 3 մտերիմի հետ տեղյակ է եղել Adjarabet.am կայքի գումարների ելքագրման համակարգի տեխնիկական կարգավորումներից։

Նրանք, օգտագործելով կայքում իրենց և մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները և դրանց հաշվին կցված հեռախոսահամարը, SMS-ով ստացել են խաղային հաշիվներից ելքագրման համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր:

Ապա Adjarabet, EasyPay և Tel-Cell տերմինալներով գրեթե միաժամանակ այդ տվյալները մուտքագրել են, կանխիկացրել և հափշտակել ավելի քան 18 մլն դրամ:

28-ամյա երիտասարդին և նրա 2 մտերիմին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձ հետախուզման մեջ է:

Երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: