7 հուլիսի 2020 - 15:58 AMT
ՀՀ-ում «Կալաշնիկովի» գործարանը բացվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման գործարան։ Նա շրջել է գործարանով, ծանոթացել տարածքին և պայմաններին։

Հունիսին հայտարարվել էր, որ գործարանը բացվելու է հուլիսից։ Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի գործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է մայիսին 15-ին՝ 10 տարի ժամկետով։

Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։

Տարեկան նախատեսվում է արտադրել 50 հազար ինքնաձիգ։

Գործարանի արտադրանքի շահառուներից է լինելու Հայաստանի զինված ուժերը։

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին հայտարարվել էր 2018-ի օգոստոսին: Օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին: