7 հուլիսի 2020 - 18:00 AMT
Իսպանիայում Covid-19-ից կոլեկտիվ իմունիտետ չի զարգացել․ Մահացել է 28,000 մարդ

Իսպանիայում 60,000 մարդու մոտ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության միայն 5%-ն է զարգացրել կորոնավիրուսի հակամարմիններ։ Անհրաժեշտ է, որ բնակչության 70-90 տոկոսն ունենա իմունիտետ՝ չվարակվածներին պաշտպանելու համար, հայտնում է BBC-ն։

«Չնայած Իսպանիայի վրա Covid-19-ի մեծ ազդեցությանը, տարածվածության աստիճանը մնում է ցածր և ոչ բավարար երամային իմունիտետ ձևավորելու համար», - ասվում է հետազոտության հեղինակների զեկույցում:

Իսպանիան աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի թվով առաջատարներից է։ Հուլիսի 7-ի դրությամբ երկրում Covid-ից մահացել է 28,388 մարդ, ընդհանուր վարակվել է 251,789 մարդ։

Վարակի՝ օրգանիզմ թափանցելուց հետո դրանում արտադրվում են հակամարմիններ, որոնք հաջորդ անգամ ներթափանցելու դեպքում արդեն ճանաչում են վարակը և դիմակայում դրանց:

Photo. AFP