8 հուլիսի 2020 - 15:04 AMT
Իրանը հրաժարվել է փոխհատուցել ուկրաինական խոցված բոինգի զոհերի հարազատներին

Իրանը հրաժարվել է փոխհատուցել հունվարին Boeing 737-ի խոցումից զոհված ուղևորների ընտանքիներին, փոխանցում է Lenta.ru-ն։

Boeing 737-ը հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո սխալմամբ խոցվել էր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրթիռով։ Մահացել էր 176 մարդ։

Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինի խոսքով՝ հուլիսի 7-ին Թեհրանը մերժել է փոխհատուցման մասին իրենց նախնական առաջարկը, սակայն, չնայած դրան, Կիևը հույս ունի շարունակել բանակցությունները «մի շարք գործոնների ազդեցությամբ»։

Ենինը նշել է, որ առայժմ վաղ է խոսել փոխհատուցման կոնկրետ չափի մասին, քանի որ այն հստակեցվում է ամբողջական հետազոտությամբ, իսկ այս պահին ամեն ինչ կախված է Իրանի ղեկավարության քաղաքական կամքից։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրաժարվել էին Boeing 737-ի սև արկղերը տրամադրելուց։ Ամենայն հավանականությամբ, դրանք Ֆրանսիա կուղարկվեն։