9 հուլիսի 2020 - 11:02 AMT
Սերբիայում ցույցերի ֆոնին կարող են վերանայել պարետային ժամ սահմանելու որոշումը

Սերբիայում չդադարող բողոքի ցույցերի ֆոնին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է վերանայել երկրում երկրորդ անգամ պարետային ժամ հայտարարելու մասին որոշումը, գրում է Deutsche Welle-ն։

Պարետային ժամը Սերբիայում չեղարկվել էր հունիսի սկզբին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Բելգրադում զանգվածային ցույցերի մասնակիցները, որոնք դժգոհ են կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունից, շարունակում են պահանջել Վուչիչի հրաժարականը պետության ղեկավարի պաշտոնից։ Նրանք դժգոհ են երկրում տիրող համաճարակային իրավիճակից և կորոնավիրուսի տարածմանը հակազդելու կառավարության գործողություններից։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։

Հարձակումներ են եղել լրագրողների վրա։ Նովի Սադում վնասել են օպերատորի ձեռքը և կոտրել տեսախցիկը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հուլիսի 8-ին Սերբիայի մի շարք քաղաքներում հակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջել են իրական տվյալներ ներկայացնել կորոնավիրուսից զոհերի մասին և քննադատել ազգային հեռուստառադիոծառայության քաղաքականությունը, որը, ըստ ցուցարարների, անաչառ չի լուսաբանում իրենց գործողությունները։

Photo. Reuters