9 հուլիսի 2020 - 11:14 AMT
Լիտվայում արգելվել է RT-ի հեռարձակումը Կիսելյովի հետ կապի պատճառով

Լիտվական ռադիոյի և հեռուստատեսության խորհուրդն արգելել է ռուսական RT հեռուստաալիքի հեռարձակումն իր երկրում Դմիտրի Կիսելյովի հետ կապի պատճառով, որը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Ռուսաստանցի մի շարք լրագրողների, այդ թվում նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում, նա իրավունք չունի մուտք գործել միության տարածք։

Խորհրդի ղեկավար Մանթաս Մարտիշյուսի խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուն պես, այսինքն՝ հուլիսի 9-ից։

Մարտիշյուսը նշել է, որ հեռարձակման դադարեցման որոշումը կայացվել է Կիսելյովի դեմ պատժամիջոցների պատճառով, այլ ոչ կանոնների խախտման։

Նշվում է, որ այդ պատճառով էլ RT-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը։

Մարտիշյուսը կասկած չունի, որ որոշումը բողոքարկվելու է։

Ռուսական RT ալիքը, որը նախկինում Russia Today էր կոչվում, ավելի վաղ արգելվել է նաև Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի կողմից։