9 հուլիսի 2020 - 18:56 AMT
Դատավոր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Միջնորդության հիմքում դատական նիստերից մեկի ժամանակ Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերն էին, որոնք նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակել են ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը», - ասել էր Ազարյանը։

Ալեքսանդր Ազարյանը 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատած դատավորն է։ Նա դատավորների վարկանիշավորման կայքում փաստաբանների կողմից ամենաբարձր գնահատված դատավորն է։