10 հուլիսի 2020 - 10:42 AMT
Նիժնի Նովգորոդից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանության մեկբանության մեջ։

Նշվում է, որ տեղում աշխատանքները համակարգվում են Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից: ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան աջակցություն:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից ընդգծվել է հայկական կողմի պատրաստակամությունը փաստաթղթերի ձևակերպման գործընթացի ավարտին ապահովել քաղաքացիների վերադարձը Մոսկվայից իրականացվող չարտերային չվերթներով։ Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքների համաձայն, նշված կենտրոններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց ծագման երկիր միայն համապատասխան միգրացիոն մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Այս գործընթացի կազմակերպումը ժամանակավորապես հնարավոր չի եղել իրականացնել` պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով, այդ թվում՝ դեպի Հայաստան կանոնավոր չվերթների բացակայությամբ, ՌԴ տարբեր մարզերում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմով և այլ մարզերից դեպի Մոսկվա քաղաքացիների տեղափոխման հարցում առկա սահմանափակումներով, ինչպես նաև ՌԴ միգրացիոն մարմինների կողմից նշյալ գործառույթի իրականացման ժամանակավոր դադարեցմամբ։

Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։