10 հուլիսի 2020 - 10:55 AMT
Ucom-ը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքը. Ներգրավված են Nokia-ի և Ericsson-ի գործընկերները

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքները, դրանցում ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները:

«Շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է»,- ասվում է ընկերության Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքը ևս խոշոր վթարի պատճառով խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով։

Ընկերությունից հայտնում են, այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում և հայցում բաժանորդների ներողամտությունը:

Հուլիսի 8-ի երեկոյան Ucom-ից հայտնեցին, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացել է խնդիր, որը կարգավորման ընթացքում է։

Ավելի ուշ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության Facebook–յան էջում հայտարություն տարածվեց այն մասին, որ Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: