10 հուլիսի 2020 - 12:59 AMT
Նիդերլանդները ՀՀ-ին 200,000 եվրո կհատկացնեն բուժսարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հայաստանին 200,000 եվրո հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։