10 հուլիսի 2020 - 19:10 AMT
ՀՀ-ն կանխելու է Արցախի բնակչության բնաջնջման ցանկացած փորձ․ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Անվտանգության խորհրդի մշակած Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը աջակցելու է Արցախի իշխանություններին և ազգաբնակչությանը՝ Ղարաբաղյան համակարտության համատեքստում։ PanARMENIAN.Net-ն առանձնացրել է փաստաթողի՝ Արցախի հարցի կարգավորմանը վերաբերող հիմնական դրույթները։

Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է: Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին:

Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես։

Հայաստանը շարունակելու է սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի:

Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման:

Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ։

Արցախի վերադարձ բանակցությունների սեղան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:

1994-1995թթ. հրադադարի անժամկետ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև, ամրագրել են ռազմաքաղաքական հավասարակշռություն և պայմաններ են ստեղծել խաղաղ գործընթացի համար: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաև Արցախի անվտանգության ապահովմանը:

Պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է կանխորոշել ռազմական սպառնալիքները, կանխարգելել դրանք քաղաքական-դիվանագիտական ճանապարհներով, զսպել և չեզոքացնել պաշտպանական կարողություններով։ Դրա համար Հայաստանը շարունակելու է զարգացնել ռազմական կարողությունները և միջոցները` միտված հակառակորդի քանակական առավելությունը ՀՀ որակական գերազանցությամբ չեզոքացնելուն: