11 հուլիսի 2020 - 11:02 AMT
Փայլան․ Սբ Սոֆիան մզկիթի վերածելը կբարդացնի քրիստոնյաների և մահմեդականների կյանքը

Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու որոշումը կբարդացնի Թուրքիայի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը։

«Տխուր օր քրիստոնյաների և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են բազմակարծություն ունեցող Թուրքիային: Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակ վերադարձնելը կբարդացնի տեղի քրիստոնյաների և Եվրոպայի մահմեդականների կյանքը: Սուրբ Սոֆիան մեր հարուստ պատմության խորհրդանիշն էր: Դրա գմբեթը մեծ էր ու կբավականացներ բոլորիս»,- գրել է նա:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ երկրի Պետական խորհուրդը չեղարկել է Սբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։