11 հուլիսի 2020 - 13:36 AMT
Արցախի ՊՆ․ Ադրբեջանական կայքը կեղծ լուր է տարածում, հայ զինվոր չի սպանվել

Ադրբեջանական Armiya.az կայքը հուլիսի 11-ին կեղծ տեղեկություն է տարածել, թե հուլիսի 2-ին Արցախում «զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տվյալ կայքը զբաղվում է հայկական զինված ուժերում և, մասնավորապես, Պաշտպանության բանակում տեղ գտնող «մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին» մտացածին տեղեկությունների հրապարակմամբ:

Արցախի ՊՆ-ն վստահեցնում է, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և հորդորում օգտվել բացառապես նախարարության մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից: